Գործուղումը շրջակա միջավայր ավարտվել է, նախարարը վերադարձել է հարազատ միջավայր

Արծվիկ Մինասյանն այսօր մեկնաբանել է իր նոր նշանակումն ու որոշ փակագծեր բացել ապագայի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. 19 ամսով գործուղման էի գնացել բնապահպանության ոլորտ, տնտեսությունից բնապահպանության ոլորտ տեղափոխվելու և վերադառնալու` Sputnik Արմենիայի հարցին կատակով պատասխանեց բնապահպանության նախկին ու էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նորանշանակ նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։

«Այդ 19 ամսում ես գնահատեցի շրջակա միջավայրի կարևորությունը մեր տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Այնպես որ այս երկու ոլորտներն իրար լրացնող են։ Ես համոզված եմ, որ կայուն զարգացման հենասյուները` սոցիալական ներառականությունը, տնտեսական աճը և բնապահպանական կայունությունը, ճիշտ պահելով միայն մենք կարող ենք խոսել կայուն աճի մասին»,- ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերում է ոլորտային տեղափոխմանը, նրա խոսքով, դա քաղաքական որոշման արդյունք է և այդ հարցի հասցեատերը ՀՅԴ-ն է։

Министр экономического развития и инвестиций Армении Арцвик Минасян на заседании правительства (17 мая 2018). Еревaн

Մինասյանը հասցրել է ծանոթանալ նոր աշխատանքին, ասում է` փոփոխությունների կարիք շատ կա։ Բայց նախարարը դրանց չանդրադարձավ` նշելով, որ կներկայացվեն կառավարության գործունեության ծրագրում։ Այդուհանդերձ, Արծվիկ Մինասյանը նոր մոտեցումներ խոստանում է, այդ թվում` հակամենաշնորհային կարգավորումների հարցում։

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, նա հերքեց այն լուրերը, թե իշխանափոխության արդյունքում դրանք բացասական միտում են դրսևորել։

«Վատթարացման մասին վկայող նշաններ այս պահին չկան։ Փոխարենը կան մեծ թվով մարդիկ, որոնք Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն։ Իսկ դա նշանակում է, որ մենք մեր ենթակառուցվածքները պետք է բերենք պատշաճ պատրաստ վիճակի` նոր ներդրումներ ներգրավելու համար »,- ասաց նա։

Տարեսկզբից Հայաստանում 35 մլրդ դրամի ներդրում է արվել`պետության տրամադրած արտոնյալ պայմաններով, երբ ներդրողը կառավարության որոշմամբ ազատվել է մաքսատուրքից։

Իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ու ԱԱՀ-ի հետաձգումների արտոնություն ստացած ներդրողների թիվը դեռ չի ամփոփվել։ Արծվիկ Մինասյանը խոստացավ տվյալները հրապարակել առաջիկա օրերին։

2016թ. Արծվիկ Մինասյանը նշանակվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2016-2018թթ.` բնապահպանության նախարար։
Իշխանափոխությունից հետո` մայիսի 12-ին, նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։