ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հայաստանը պետք է լինի առանց քաղբանտարկյալների երկիր։ Այդ մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։
«Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով,- ասաց Փաշինյանը և ավելացրեց,– ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն։ Եվ այս խնդրում որևէ տարընթերցում չպիտի լինի»։
Վարչապետը շեշտեց, որ եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, պետք է հասկանալ՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, և ճշտել, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել։
Նա կոչ արեց իրավիճակին ըմբռնումով մոտենալ` խոստանալով, որ քաղբանտարկյալների հարցը միանշանակ լուծվելու է։
Քաղբանտարկյալների խնդիրը նա բաժանեց 2 խմբի` գործեր, որոնք զուտ քաղաքական բնույթ ունեն և որտեղ չեն եղել զոհեր, և գործեր, որտեղ զոհեր կան։
«Խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին»,- ասաց նա։
Ըստ նրա` առաջին խմբի ազատազրկվածները պետք է դուրս գան բանտերից օրենքով սահմանված կարգով։
«Ո՞րն է օրենքով սահմանված կարգը. պայմանական վաղաժամկետ ազատման տարբերակը։ Եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներման տարբերակի շուրջ, իսկ եթե հանկարծ պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել, պետք է փորձել կիրառել ներման ինստիտուտը։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի գործին, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտ հաստատելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս խնդրի համար պետք է տարբեր ձևաչափերով հանրային քննարկումներ անցկացնել, որոնց պետք է ընդգրկել նաև սպանված ոստիկանների հարազատներին և լսել նրանց տեսակետները։
«Ես ինքս լինելով նախկին քաղբանտարկյալ` պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելով առաջին մտահոգության առարկան հենց այս խնդիրն եմ ունեցել և շարունակում եմ ունենալ, բայց ես գիտեմ նաև, որ այն պետք է լուծել միայն իրավական դաշտում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։
Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։