Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել հարևան երկիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսեց հնարավոր այցի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանն այս պահին աշխատանքներ է տանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կազմակերպելու համար։

Փաշինյանն ասել է` ինչ սպասումներ ունի Վրաստանի վարչապետից

Այս մասին Փաշինյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք մայիսի 26-ին Թբիլիսիում մասնակցել Վրաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը։

Վարչապետի հետ զրույցը տեղի ունեցավ հենց փողոցում՝ Հայաստանի կառավարության շենքի դիմաց։

«Հնարավորինս արագ կմեկնեմ Վրաստան։ Հիմա աշխատանքներ են տարվում այցը կազմակերպելու համար։ Երբ պայմանավորվենք ժամկետների մասին, ես կհայտնեմ», — ասաց Փաշինյանը։

Մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի միջև կայացել էր հեռախոսազրույց։ Կողմերը պայմանավորվել էին հանդիպել առաջիկայում և միմյանց հրավիրել էին համապատասխանաբար Երևան ու Թբիլիսի։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել էր Վրաստան՝ մայիսի 26-ին հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը մասնակցելու։