Փայլանը բանտ է գնացել. գործնական հարցեր` հայ–թուրքական սահմանի բացման ջատագովի հետ

Կարո Փայլանը հանդիպել է հայ-թուրքական սահմանը բացելու խոստում տված Դեմիրթաշի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը նախօրեին Էդիրնեի բանտում հանդիպել է կուսակցության նախկին համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի հետ։ Պատգամավորն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։

Փայլանը մի քանի ժամ մնացել է Դեմիրթաշի մոտ։ Այդ ընթացքում նրանք գործնական թեմաներ են քննարկել։Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը, որը 2016 թվականի նոյեմբերից անազատության մեջ է, ավելի վաղ հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբացի հայ-թուրքական սահմանը։

​Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատողներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։ 1908-1915 թվականներին 6 հայ պատգամավոր է սպանվել` Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան։ Նրանց անունները կարդալով` Փայլանը հայերենով ասաց «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը։