ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանում ցուցարարները փորձեցին ներխուժել քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ։
Մի քանի տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը և Ավագանու խորհրդի լուծարումը։
Ցուցարարներին չհաջողվեց մտնել Մարգարյանի աշխատասենյակ, քանի որ ոստիկաններն արգելափակել էին երրորդ հարկի միջանցքը, որտեղ գտնվում է քաղաքապետի աշխատասենյակը։
«Պահանջում ենք Տարոնի հրաժարականը, ինչպես նաև Ավագանու խորհրդի լուծարումը», — վանկարկում են ցուցարարները` պնդելով, որ չեն հեռանա, մինչև Մարգարյանը դուրս չգա նրանց մոտ։
Հարցին, թե որտեղ է Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը և Դավիթ Օհանյանը նշեցին, որ նա շրջայց է կատարում մյուս վարչական շրջաններում։
«Քաղաքապետը կատարում է իր աշխատանքը։ Քաղաքապետի գործառույթը միայն աշխատասենյակներում նստելը չէ։ Ես պարտավոր չեմ ձեզ հաշվետվություն ներկայացնել», — ցուցարարներին ասաց Օհանյանը։
Ցուցարարները ցանկանում են դիմել ոստիկանություն և դատախազություն, որպեսզի նրանք ստուգեն, թե որտեղ է քաղաքապետարանը թույլ տվել խախտումներ։
Մայիսի 10-ից ցուցարարները հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են քաղաքապետարանի հրաժարականը և Ավագանու խորհրդի լուծարումը։
Ցուցարարները մեղադրում են Մարգարյանին գողության, անօրինական գործողությունների համար։