Խառնաշփոթ քաղաքապետարանի մոտ, ակցիա և հակաակցիա. կրքերը թեժանում են

Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց ոչ միայն բողոքում են քաղաքապետից, այլև պաշտպանում են նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի մոտակայքի բոլոր փողոցները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Քաղաքապետարանի տարածքը հետզհետե ավելի մարդաշատ է դառնում։ Ոմանց հաջողվել է ներխուժել քաղաքապետարանի շենք, որտեղ առաջին հարկում կանգնած են ոստիկաններն ու ոչ մեկի թույլ չեն տալիս մուտք գործել։

Երևանում ակտիվիստները պոկում են այգու շինարարական պաստառները. տեսանյութ

Ցուցարարների մի մասն արգելափակել է երրորդ հարկը, որտեղ գտնվում է քաղաքապետ Մարգարյանի աշխատասենյակը։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետն իրենց մոտ դուրս գա, բայց փոխքաղաքապետը պնդում է, որ Մարգարյանը շենքում չէ։

Միաժամանակ քաղաքապետարանի շենքի դիմաց հակաակցիա է ընթանում, մարդիկ պաշտպանում են Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետի կողմնակիցները վանկարկում են` «դուխով», իսկ նրանց հակառակորդները` «Տարոն, հեռացիր»։

Մայիսի 10-ից տասնյակ (արդեն հարյուրավոր) ցուցարարներ հավաքվում են Երևանի քաղաքապետարանի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետը հրաժարական տա, իսկ ավագանին ցրվի։

Ցուցարարները Մարգարյանին մեղադրում են հափշտակությունների և այլ անօրինական գործողությունների համար։