ՀՀ առաջին փոխվարչապետը լսեց զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքներն ու պատասխանեց նրանց

Կառավարությունը քննարկում է աշխատանքի տեղավորման այլընտրանքային տարբերակները և կանի հնարավոր ամեն բան, որ այդ մարդիկ փողոցում չհայտնվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունեց զինկոմիսարիատների աշխատակիցներին, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ։ Նրանց հիմնական պահանջը զինկոմիսարիատների քանակը կրճատելու մասին կառավարության որոշումը չեղարկելն էր, քանի որ տասնյակ և նույնիսկ հարյուրավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից։

Երևանում բողոքի են դուրս եկել զինկոմիսարիատների աշխատակիցները. ՊՆ–ի պարզաբանումը

Ի պատասխան փոխվարչապետը հասկացրեց, որ օպտիմալացման մասին որոշումը չի չեղարկվի, քանի որ խոսքն ավելի արդյունավետ զորակոչ կազմակերպելու մասին է։ Զինկոմիսարիատների քանակի կրճատումը թույլ կտա վերացնել բյուրոկրատական թղթաբանությունը և կբարձրացնի օպերատիվությունն ու մոբիլությունը։

Միևնույն ժամանակ, Միրզոյանը կիսում է մարդկանց մտահոգությունը կապված գործազրկության հետ։ Նա նշել է, որ կառավարությունն այժմ քննարկում է աշխատանքի տեղավորման այլընտրանքային տարբերակները, և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի այդ մարդիկ փողոցում չհայտնվեն։

«Ձեր աշխատանքի հարցը մենք կլուծենք, ընդառաջ կգնանք, համզոված եղեք։ Սակայն զինկոմիսարիատների նախկին համակարգն այլևս չի լինի», – ասաց Միրզոյանը։

Նա ավելացրեց, որ օպտիմալացումը համատարած բնույթ է կրելու` սկսած կառավարական չինովնիկների ծառայողական ավտոմեքենաներից։ Առաջին փոխվարչապետի աշխատակազմի համար հինգ ավտոմեքենա են հատկացրել, սակայն Միրզոյանը որոշել է թողնել դրանցից միայն երկուսը։