Տոնոյանը ՀՀ–ում ՌԴ ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմական համագործակցության խնդիրներ

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին և ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հետ չհամագործակցել պարզապես անհնար է». Փաշինյան

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս շարունակվելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: