Ո՞վ է մեղավոր Սուրենավանի կարկտահարության համար` ԱԻՆ–ը, թե՞ գյուղապետարանը. պարզաբանում

Համայնքապետարանը պարտավոր էր լիցքավորել հակակարկտային կայանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Սուրենավան համայնքի 4 կայանքից 3-ը գործել են անխափան, իսկ մեկը գազի բացակայության պատճառով չի գործել, ինչի հետևանքով էլ գյուղը ենթարկվել է կարկտահարության։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Արարատի հակակարկտային կայանն այսպես է պարզաբանում Սուրենավան համայնքում տեղացած կարկտի մասին մամուլում շրջանառվող լուրերը և դրանց պատճառները:

Հարությունյան. «Կարկուտը վնասել է կեսառի ու խաղողի այգիները»

Ս/թ մայիսի 14-ին, ժամը 18:27-ից 19:22-ը` ՀՀ Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նորակերտ, Ավշար, Այգեվան, Ոսկետափ համայնքների տարածքներում տեղակայված 27 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի մեկ ամպ, իրականացվել է 6188 կրակոց:

Վերոնշյալ ամպից կարկտահարության դեպք է արձանագրվել Սուրենավան համայնքում, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը պատկանող 4 գազագեներատորային հակակարկտային կայանք: Նշված 4 կայանքից 3-ը գործել են անխափան, իսկ մեկը չի գործել` կայանքում գազի բացակայության պատճառով:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության և համայնքների միջև կնքվող համագործակցության պայմանագրերում համայնքների պարտականությունների շրջանակներում ներառված են գազագլանանոթների լիցքավորման ծախսերի վճարումները, սակայն վերոնշյալ կայանքի գազագլանանոթները չեն լիցքավորվել համայնքի կողմից:

Հայաստանում արդիականացվում են կարկտի դեմ պայքարի մեթոդները

Դեռևս մի քանի օր առաջ Սուրենավան համայնքում առկա բոլոր 4 հակակարկտային կայանքների գազագլանանոթները լիցքավորված չեն եղել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված համայնքը ծիրանի մշակման գլխավոր շրջաններից մեկն է, ինչպես նաև համայնքի բնակիչների խնդրանքը, Արարատի հակակարկտային կայանը՝ ի դեմս կայանի պետի, բանակցություններ է վարել  գազ մատակարարող կազմակերպության հետ,  ինչի արդյունքում առկա 4 հակակարկտային կայանքներից 3-ի գազագլանանոթները վերալիցքավորվել են և կայանքները բերվել են աշխատանքային վիճակի:

Մայիսի 14-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքով տուժել է համայնքի այն տարածքը, որը գտնվել է 4-րդ (չլիցքավորված) կայանքի ներազդեցության գոտում:

Ս/թ մայիսի 15-ին հերթական բանակցությունների արդյունքում՝ վերոնշյալ կայանքի գազագլանանոթները լիցքավորվել են և բոլոր 4 կայանքները գտնվել են աշխատանքային վիճակում՝ կատարելով ակտիվ նմերգործման աշխատանքներ։

Հարկ է նշել նաև, որ մինչ օրս Սուրենավանի համայնքապետարանը գազ լիցքավորող կազմակերպությանը չի փոխանցել լիցքավորված գազագլանանոթների գումարը: