Փաշինյան–Պուտին հանդիպումը. «Հայաստանը պլյուսով դուրս եկավ»

Նավասարդյանը համոզված է, որ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հանդիպումը կարելի է հաջողված համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի իշխանության համար հաջողված էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը։

Ո՞ւր էին տարել Փաշինյանին և ո՞վ է որոշել նրան ազատ արձակել. պատմում է դատախազը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կայացավ Սոչիում մայիսի 14-ին։

«Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունն այս հանդիպումից պլյուսով դուրս եկավ։ Հանդիպման հաջողության մասին է վկայում նաև այն փաստը, որ հանդիպումից հետո մի քանի ժամ անց Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորեց Փաշինյանին (արդեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ), — ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքով` մինչ այդ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները փչացնելու փորձեր էին արվում և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից։ Փորձում էին հայաստանյան իրադարձությունները որպես մայդան ներկայացնել։

Բայց Ռուսաստանի պաշտոնական իշխանությունը հստակ դիրքորոշում ներկայացրեց։ Դրական հայտարարություններ հնչեցին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ու ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերից։

Անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի ելույթին` Նավասարդյանը նշեց` վարչապետը ճիշտ վարվեց, երբ սկզբում շնորհավորեց մայիսյան տոների կապակցությամբ ու հիշատակեց Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակը։

Ո՞վ էր Պուտինի կողքին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. շեշտը դրվելու է տնտեսության վրա

Բացի այդ, կարևոր հանգամանք էր նաև այն, որ կարևորելով առկա բարիդրացիական, դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունները` Փաշինյանը նշեց նաև, որ խնդիրներ կան։

«Խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում հարաբերությունները» — ասաց Նավասարդյանը։

Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ Ղազախստանի ու Բելառուսի նախագահներն առանձնահատուկ քաղաքականություն են վարում։

Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկման կդնի։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Երևանին առնչվող հարցերը լուծելու համար լավ ֆոն է։

Միաժամանակ Հայաստանի քաղաքական ուղղվածությունը, Նավասարդյանի խոսքով, նույնն է մնում։ Սակայն կոմպլեմենտար քաղաքականության հետ մեկտեղ վարչապետը մտադիր է լուծել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի հետ կապված խնդիրները։