«Ով իրեն չարդարացնի, արագ կլուծենք այդ հարցը». Փաշինյանը` երիտասարդ նախարարների մասին

Փաշինյանն ասաց` եթե անձանց արդյունավետության հետ կապված խնդիրներ առաջանան, դրանք արագ կլուծեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունն արդյունավետ է աշխատելու։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով երիտասարդներին նախարարների պաշտոններում նշանակելու թեմային։

Նիկոլ Փաշինյանը խոսեց ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետի մասին

Անդրադառնալով սոցիալական կայքերում ծավալված քննարկումներին` Փաշինյանը նշեց, որ իրենց փորձի պակաս են վերագրում, բայց ինքն իր թիմով «նոր էջ է բացում Հայաստանի կյանքում»։

«Կարծում եմ` կառավարության կազմը հավասարակշռված է։ Երբ ասում են` անփորձ, խոսքը նախարարի պաշտոնում փորձի բացակայության մասին է, այլ ոչ թե քաղաքական գործունեության։ Համոզված եմ` կառավարությունն արդյունավետ է աշխատելու», — ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ եթե առանձին նախարարների արդյունավետության հետ կապված խնդիրներ առաջանան, այդ հարցերն արագ կլուծվեն։

Հիշեցնենք, որ նոր կառավարությունը վերջնականապես ձևավորվեց մայիսի 12-ին։ Սա Հայաստանի պատմության ամենաերիտասարդ կառավարությունն է։