ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մորուքն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին։ «Կսափրի՞ մորուքը, թե՞ ոչ» հարցը շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել»-ն է դարձել։
Վերջին օրերին բուքմեյքերական գրասենյակները հատուկ խաղադրույք էին սահմանել մայիսի 14-ին Սոչիում նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին տեսքի վերաբերյալ. կսափրվի՞ վարչապետը գագաթնաժողովից առաջ, թե՞ ոչ։
Արդյունքում Փաշինյանը Սոչի մեկնեց առանց սափրվելու, իսկ շատերը կորցրին իրենց փողերը։
Sputnik Արմենիայի թղթակիցները Փաշինյանին բառացիորեն «որսացին» փողոցում՝ կառավարության շենքի դիմաց։ Վարչապետը գրեթե ամբողջ օրը շրջում էր նախարարություններով։
«Կարծում եմ` չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները», — ասաց Փաշինյանը։
Զրույցն ընդհատեցին երկրպագուները, որոնք ամենուրեք ուղեկցում էին վարչապետին։ Յուրաքանչյուրը ձգտում էր լուսանկարվել Փաշինյանի հետ, սելֆի անել և արագ հեռանալ՝ ճանապարհ տալով մյուս ցանկացողներին։
«Ձեզ սելֆիի ձող տա՞մ», — կատակեց Փաշինյանը, երբ աղջիկներից մեկը երկար ժամանակ չէր կարողանում նկարվելու համար հարմար դիրք ընտրել։
Մնում է ենթադրել, որ վարչապետի ուսապարկի պարունակությունը, որը հիմա կրում է ոչ թե նա, այլ նրան ուղեկցող թիմը, նույնն է մնացել։
Ավելի վաղ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել էր, թե ինչ կա ամուսնու ուսապարկում. առաջին անհրաժեշտության պարագաներ փողոցում երկար ժամանակ գտնվելու համար, մասնավորապես` հեռախոս, հեռախոսի մարտկոցներ, լիցքավորման սարքեր, գլխարկ, արևային ակնոց, թաց անձեռոցիկ, սելֆիի ձող։