ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ներքաղաքական խնդիրը կուսակցական խնդիր չէ, պատասխանելով երկրում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցին` ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով` իր ներկայացրած քաղաքական ուժն առաջնորդվում է ոչ թե իշխանությունում լինելու, այլ երկրի համար նպաստավոր պայմանների առկայության սկզբունքով:
«Կառավարության ձախողումը մեր երկրում՝ անկախ նրանից, թե ով է կառավարության կազմում և ով է վարչապետը, բերելու է երկրի համար լրջագույն խնդիրների»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ն երբեք չի անի մի բան, որը կարող է երկրի համար բացասական զարգացումների հանգեցնել:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Կոստանյանը չցանկացավ կանխատեսումներ անել՝ նշելով, որ դա չի կարող ինքնանպատակ քայլ լինել:
«Սուպերվարչապետ հասկացություն չկա: Անկախ նրանից` ով է վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը, ոստիկանության և ԱԱԾ-ի համար ուղիղ պատասխանատու լինելը վարչապետի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնել է: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի դա ստանձնել, ես կողջունեմ ու անձամբ երբեք չեմ նախաձեռնի կառավարության կառուցվածքի ու պատասխանատվության կարգի որևէ փոփոխություն»,- ասաց Կոստանյանը:
Հանրապետական պատգամավորն անդրադարձավ նաև հանրահավաքների փաստերով հարուցված քրեական գործերին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու ու ձերբակալելու հարցերին:
Նա վստահեցրեց, որ հետևողական է լինելու, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ հանցավոր միջամտություն ցուցաբերած անձինք անպայման պատասխանատվության ենթարկվեն: Իսկ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված ու չկարճված քրեական գործի մասին Կոստանյանը չցանկացավ կարծիք հայտնել՝ պատճառաբանելով, որ տեղյակ չէ գործի նյութերին, չունի բավարար տեղեկություն՝ մեկնաբանություններ անելու համար: