ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս տարվա հունիսին ակնկալում են հանդիպել Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Այս մասին նշված է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ։ Հանդիպումը կայացել է մայիսի 15-ին Փարիզում։
Բանակցություններին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ադրբեջանցի նախարարը և միջնորդները քննարկել են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման հնարավորությունները։
«Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է հնարավորինս արագ վերսկսել ակտիվ բանակցությունները», — նշված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։
Կասպրշիկը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է։