Էդմոն Մարուքյանը պաշտոնի չի հավակնում, բայց ոչ մի բան չի բացառում

Ընդդիմությունը կարող է առաջիկայում անվստահություն հայտնել նաև խորհրդարանի ընտրված պաշտոնյաներին, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի չի հավակնում: Նա այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

Ո՞ւր էին տարել Փաշինյանին և ո՞վ է որոշել նրան ազատ արձակել. պատմում է դատախազը

«Դատախազն ունի առաքելություն, որը պետք է իրականացնի՝ անկախ քաղաքական ուժերի դասավորությունից: Մենք, ըստ էության փաստեր ունենք, որ իրավապահ մարմինները ծառայեցվել են այդ պահին եղած քաղաքական իշխանությանը»,- ասաց Մարուքյանը։

Նա հիշատակեց մի շարք հայտնի գործեր, որոնց թվում, այսպես կոչված, «Զիբիլիքսի» ու «Հաց բերողի» գործերն են (առաջինը՝ ընտրախախտումների վերաբերյալ «Ելք» դաշինքի ներկայացրած փաստերով հարուցված, ապա կարճված գործն է, երկրորդը՝ ՊՊԾ գնդի տարածք իր ավտոմեքենայով «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի գործը):

Էդմոն Մարուքյանը հանրային հնչեղություն ունեցող գործերի կոծկման համար մեղադրում է իրավապահ համակարգին, այդ թվում` դատախազին:

Գլխավոր դատախազի պաշտոնանկության, ինչպես նաև ընտրովի այլ պաշտոններ զբաղեցնողների հարցը «Ելքը» չի քննարկել: Մարուքյանը, սակայն, չբացառեց, որ առաջիկայում նման քննարկում կլինի:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի:

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը վերածվել է ընտրովի պաշտոնի: Դատախազին ընտրում է ԱԺ-ն, դատախազը հաշվետու է ԱԺ-ին: