ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանն իրեն նորեկ չէր զգում այդ շրջապատում»

Սոչիում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովում ՀՀ վարչապետը հնչեցրեց ինտեգրման իրական խնդիրները, այն հարցերը, որոնք մտահոգում են հայ հասարակությանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Մարգարյանը նշեց, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների վերաբերմունքը ՀՀ նոր վարչապետի նկատմամբ բավական ջերմ էր, այդ առումով հատկապես առանձնացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Երևում էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նորեկ չէր զգում այդ շրջապատում։ Նա բավականաչափ վստահ էր զգում իրեն։ Եվ այն դիտարկումները, որոնք հնչեցին նրա ելույթներում, վկայում են, որ հայկական պետության ղեկավարը կոնկրետ սպասելիքներ ունի այդ միությունից», — ավելացրեց փորձագետը։

Մարգարյանի կարծիքով` վարչապետ-Փաշինյանը այսօր չի կարող շարունակել ընդդիմադիր-Փաշինյանի հռետորաբանությունը։

Հայտնի է, որ Փաշինյանն ԱԺ-ում քննադատում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, իսկ «Ելքն» անցյալ տարի աշնանը նույնիսկ կազմակերպությունից դուրս գալու մասին օրինագիծ էր նախաձեռնել։

Տնտեսագետի խոսքով` հիմա նա` որպես պետության ղեկավար, հասկանում է հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունն ու կտրուկ շարժումների վտանգը։