ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայտնի ռոք երաժիշտ, System Of A Down ամերիկյան խմբի մենակատար Սերժ Թանկյանը այցելել է TmbaTa Orchestra խմբի երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներին։
Միլիոնավոր մարդկանց սիրելի Սերժ Թանկյանը երիտասարդ երաժիշտներին տեսանկարահանել է բջջային հեռախոսով։ Խմբի փորձի ժամանակ արված տեսահոլովակը նա տեղադրել է Instagram–ի իր էջին։
«Երևանի ԹՈՒՄՈ կենտրոնի հիանալի TmbaTa Orchestra–ն։ Ելույթից առաջ` փորձի ժամանակ», – տեսահոլովակի տակ գրել է երաժիշտը։
TmbaTa–ն երիտասարդ ֆոլկ–ռոք խումբ է, որը ստեղծվել է 2013 թվականին, Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Բենդի ղեկավարը Արայիկ Bambir Գրիգորյանն է։
Խմբի երաժիշտները ժողովրդական երգերը համադրում են ռոք և փորձառական երաժշտության հետ և յուրօրինակ ստեղծագործություններ ստանում։ Խմբի կազմում ընդգրկված են 12-19 տարեկան պատանի երաժիշտներ։