ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ո՞վ և ո՞ւր էին տարել Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22–ի հանրահավաքի վայրից և ո՞վ է դրա համար պատասխանատու: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր այս հարցով դիմեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ձերբակալությունների, հավաքների ընթացքում ինչ-որ անձանց կատարած հանցագործությունների մասին։
«Դատախազությանը հասանելի ցանկացած դեպք ուսումնասիրվել է, ընդունվել է վարույթ, տեսանյութերը ուսումնասիրվել են: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Ընթանում է նախաքննություն»,- անդրադառնալով ապրիլյան իրադարձությունների օրերին գրանցված դեպքերին՝ ասաց գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի բերման ենթարկվելուն ու ձերբակալվելուն, Արթուր Դավթյանը նշեց, որ դա տեղի է ունեցել ապօրինի հավաքներ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով: Բայց և վստահեցրեց, որ պատգամավորներին իրավունք է տրվել զանգել ու տեղեկացնել գտնվելու վայրի մասին՝ 12 ժամվա ընթացքում, ինչը նախատեսված է օրենքով:
Դատախազը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ինքը միջնորդություն էր ներկայացրել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:
«Հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, փոխվարչապետը դիմեց ինձ՝ չնախաձեռնել ԱԺ-ում քննարկում: Իմ կողմից կայացվեց համապատասխան որոշում, և նույն օրը պատգամավորները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ազատ են արձակվել»,- ասաց Արթուր Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է եղել: «Հանրապետական մեծամասնության ղեկավարը դիմում է ինձ՝միջնորդությունը հետ կանչելու հարցով: Բնական է, որ եթե մեծամասնությունը դեմ է, այդ որոշումը չի ընդունվելու: Էլ ինչ իմաստ ուներ միջնորդություն ներկայացնել»,- իր գործողություններն այսպես մեկնաբանեց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22–ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող բողոքի զանգվածային ակցիանների ֆոնին, երբ տապալվեց Սերժ Սարգսյան– Նիկոլ Փաշինյան հանդիպումը, մեկ ժամ հետո ոստիկանությունը բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին։
Նրանք պատգամավորական անձեռնմխելիություն ունեն, և կալանավորելու համար ԱԺ–ի որոշումն էր հարկավոր։
Սակայն ապրիլի 23–ին քաղաքական որոշում կայացվեց պատգամավորներին ազատ արձակելու։