ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի համար միջուկային վառելիքի գնաճ նախատեսված չէ։ Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2018» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին լրագրողներին ասաց ՏՎԷԼ ընկերության առևտրի և միջազգային համագործակցության գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
ՏՎԷԼ-ն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում և միջուկային վառելիք է արտադրում ատոմակայանների ռեակտորների համար։
Հայաստան վառելիքի մատակարարումն առանց դժվարությունների է իրականացվում։ Միայն մեկ հարց ծագել է անցյալ տարի, երբ Հայաստանի սահմանակից երկրները հրաժարվեցին տարանցում տրամադրել։ «Սակայն հետագայում այդ հարցերը կարգավորվեցին»,- ավելացրեց Գրիգորևը։
«Ինչ վերաբերում է սակագներին, որևէ թանկացում չի նախատեսվում։ Պայմանները նշված են պայմանագրում և կախված են շուկայում տեղի ունեցող տատանումներից», — ավելացրեց Գրիգորևը։
Հայաստանում ներկայիս կայանն աշխատում է ВВЭР-440 ռեակտորով։ Նրա խոսքով` աշխարհում աստիճանաբար կրճատվում է նման կայանների շահագործումը, սակայն գործող կայանների համար, այդ թվում հայկականի, վառելիքը մատակարարվելու է ամբողջ ծավալով։