Ժամանակին Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթոշակի դեմ էր պայքարում, իսկ հիմա՞

«Ժողովուրդը» փորձել է պարզել արդյո՞ք շարունակելու է կուտակային կենսաթոշակի դեմ պայքարել նորանշանակ սոցապնախարար Մանե Թանդիլյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ:

Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը նախարարներ նշանակվեցին

Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:

Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն, նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»: