Վիգեն Սարգսյանը պատասխանեց Լևոն Տեր–Պետրոսյանին. վիրտուալ բանավեճը շարունակվում է

Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են. Վիգեն Սարգսյանն անպատասխան չի թողել առաջին նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ մոտեցումները։ Նա իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը։

Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է, Վիգեն Սարգսյանը` բացարձակ անգետ. Տեր-Պետրոսյան

Սարգսյանը նշել է, որ հայտնի է, թե ինչ մոտեցումներ ունի Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ»,- գրել է Սարգսյանը։

Նախկին նախարարը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը:

«Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր»,- գրել է նա։

Սարգսյանի խոսքով` Հայաստանը միշտ շեշտել է, որ արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է։ Նա վստահություն է հայտնել, որ երկիրն այսուհետ ևս շարունակելու է հանդես գալ այդ դիրքից:

Առանց Արցախի բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել. Փաշինյան

«Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»,- գրել է պաշտպանության նախկին նախարարը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի սխալվել, երբ ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս նշել է, որ Հայաստանը «հակամարտության կողմ» է։ Նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: