Պուտինը գործընկերներին է ներկայացրել Փաշինյանին. մեկնարկել է ԵԱՏՄ խորհրդի նիստը

Նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սոչիում արդեն մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` նշելով նաև, որ սա այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է:

Ինչպես անցավ Փաշինյանի ու Պուտինի առաջին հանդիպումը. տեսանյութ

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

ՌԴ նախագահը նիստի սկզբում ներկայացրել է իրենց նոր հայ գործընկերոջը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Սա այս տարի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջին նիստն է։ Նախ և առաջ, ուզում եմ ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կրկին շնորհավորում եմ Ձեզ, Նիկոլ Վովայի` վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,–ասել է ՌԴ ղեկավարը։

Ինչպես սպասվում է՝ նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:

Հիշեցնենք, որ մինչ այդ, Սոչիում տեղի էր ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ո՞րն է Հայաստանի նոր վարչապետի գաղտնիքը, կամ ինչպես #NikolPashinyan-ը գրավեց Instagram-ը

Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանի միակ առևտրատնտեսական և անվտանգության բնագավառի գործընկերն է։

Նա հույս էր հայտնել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան, երկրները կպահպանեն իրենց գործընկերային հարաբերությունները ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կառույցներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ թեև կան քննարկման ենթակա հարցեր, բայց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցերն անքննելի են։

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ ևս զարգացնելու է ՌԴ-ի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները։ Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես ռազմական արդյունաբերական բնագավառում երկու երկրների փոխհարաբերություններին։