«Մեդվեդևայի համար երկրորդ տեղ չկա». Տուտբերիձեն` նախկին սանի մասին

Մարզիչ Էթերի Տուտբերիձեն մեկնաբանել է գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան)` այլ մարզչի մոտ հեռանալու լուրն ու խոսել նրա բնավորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան առաջնորդ է, կարծում է նրա նախկին մարզիչ Էթերի Տուտբերիձեն։ Այս մասին գրում է Sports.ru-ն։

«Նա առաջնորդ է, ինչը շատ լավ է։ Ես մեծացրել եմ մի աղջկա, որն առաջնորդ է, և նրա համար երկրորդ տեղ գոյություն չունի»,- ասել է մարզիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերին արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։

«Այս պահին այնպիսի տպավորություն ունեմ, որ Օրսերն ինձ մարտահրավեր է նետել։ Նշանակում է` նրան հուզել են մեր արդյունքները։ Պետք է աշխատել, որպեսզի նա ավելի հուզվի»,- ասել է Տուտբերիձեն։

Հիշեցնենք, որ Մեդվեդևան մայիսի 7-ին հաստատել է Էթերի Տուտբերիձեից հեռանալու փաստը։ Այս մարզչի հետ նա աշխատել է 11 տարի։