Թրամփի աղջիկն ու փեսան Երուսաղեմում կմասնակցեն ԱՄՆ դեսպանատան բացմանը

Մայիսի 14-ին, լրանում է Իսրայել Պետության հռչակման 70-րդ տարեդարձը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան Թրամփն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Իսրայել, որտեղ պետք է այսօր մասնակցեն Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանատան բացմանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ Դոնալդ Թրամփի խորհրդականներն են։

Միացյալ Նահանգներն այսօր Իսրայելում իր դեսպանատունը պաշտոնապես կտեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ:

Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Թրամփին

Կիրակի օրը` մայիսի 13–ին, Իվանկան ու Ջարեդը, այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին, վայրէջք են կատարել Բեն-Գուրիոն օդանավակայանում: Նախագահական զույգը Երուսաղեմում նոր դեսպանատան բացմանը կմասնակցի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին:

Հիշեցնենք, որ այս որոշման մասին անցած տարի դեկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք:

Պաղեստինցիները հայտարարել են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը, սակայն, բռնազավթվել է Իսրայելի կողմից:

Պաշտոնական Վաշինգտոնի քայլը դժգոհություն է առաջացրել աշխարհում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 128 երկիր դեմ արտահայտվեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Հիշեցնենք, նաև, որ այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է Իսրայել Պետության հռչակման 70-րդ տարեդարձը: