«Հայաստանը դուրս է մնում ընդհանուր ցանկից». Էրդողանը խոսել է Հայաստանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Թուրքիան Կենտրոնական Ասիայում և Կովկասում պահպանում է խաղաղությունն ու աջակցում բարգավաճմանը, իսկ Հայաստանը «դուրս է մնում» ընդհանուր ցանկից, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Chatham House լոնդոնյան վերլուծական կենտրոնում։ Այս մասին հայտնում է Milliyet թուրքական պարբերականը։

Էրդողանը խստացնում է հսկողությունը․ ոստիկանությունը կալանավորումներ է իրականացնում

Իր երկար ելույթի ժամանակ թուրք առաջնորդն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների թեմային։

«Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիան նպաստում է խաղաղության և անվտանգության պահպանմանը։ Հայաստանը միակ պետությունն է, որը դուրս է մնում ընդհանուր պատկերից։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի իշխանությունները կսկսեն խելամիտ մոտեցում և ավելի հստակ պատկերացում ցուցաբերել», – հայտնել է Թուրքիայի նախագահը։

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Մետաքսե ճանապարհի վերածնման պատմական նախաձեռնությանը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդացնում է այն, որ Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը հրաժարվում է վավերացնել Կարսի պայմանագիրը, ինչպես նաև պաշտոնական Անկարան Արցախյան հարցում սատարում է Ադրբեջանին։

Երկու հարևան երկրների միջև սահմանը փակ է, ամբողջությամբ բացակայում է ավտոճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունը, բացակայում են դիվանագիտական ներկայացուցչությունները։