Փաշինյանի հետ Հայաստանում մեծ հույսեր են կապում. «Ռոսիա» հեռուստաալիքի անդրադարձը

Արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը Հայաստանում գործազրկության և մի շարք այլ հրատապ հարցեր կլուծի։ Այդ թեմային է նվիրված «Վեստի նեդելի» տեղեկատվական–վերլուծական ծրագիրը, որը վարում է Դմիտրի Կիսելյովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Մայիս — Sputnik. ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարդիկ մեծ հույսեր են կապում, կարծես հրաշքի են սպասում` առանց առանձնակի մտածելու, որ նա կառավարման փորձ չունի, իր ռեպորտաժում պատմում է «Ռոսիա» հեռուստաալիքի թղթակից Դենիս Դավիդովը։

Երևանում բողոքի ցույցերը մարել են, բողոքի շարժման 42-ամյա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետին շնորհավորական հեռագիր է հղել, իսկ ավելի ուշ հեռախոսազրույցի ժամանակ անձամբ շնորհավորել նրան։

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության իր ուղենիշը

Հաղորդման շրջանակներում թղթակից Դենիս Դավիդովը ցույց է տվել հասարակ գյուղացի Վիրաբի կյանքը, որը Արարատյան դաշտավայրում բերք է աճեցնում։ Տղամարդն ամեն օր մասնակցում էր ցույցերին և պնդում, որ պետության միակ աջակցությունը` վարկ վերցնելու կոչն էր։

«Ողջ հետխորհրդային տարածքից գործազրկության ամենաբարձր մակարդակն Հայաստանում է։ Գրեթե յուրաքանչյուր հինգերորդն աշխատանք չունի։ Կադրային գործակալությունների դռները թակում են ինչպես երեկվա ուսանողները, այնպես էլ փորձառու մասնագետները», – նշում է Դավիդովը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր են կապում, սպասում հրաշքի` առանց մտածելու, որ նա բացարձակ կառավարման փորձ չունի։ Նա փորձառու ընդդիմադիր է, նշում է թղթակիցը։

Հաղորդման ընթացքում Դավիդովը զրուցել է նաև ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

«Առաջին օրը չեմ ծառայում համակարգում, մոտ 30 տարի է։ Գիտեմ առկա բոլոր խնդիրները, արմատային խնդիրները։ Ուժերիս ներածին չափ կանեմ ամեն ինչ», – նշել է Օսիպյանը թղթակցի հետ զրույցում։

Ռեպորտաժի վերջում Դավիդովն ավելացրել է, որ նոր կառավարությունը մոտ 10 օր ունի ներկայացնելու իր ծրագիրը, որը պետք է ոչ միայն բոլորին ձեռնտու լինի, այլև աշխատի։