Բալասանյանականները «մերժում են» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին

Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում սկսել են «մերժել» քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հետաքրքիրն այն է, որ  քաղաքապետին անվստահություն հիմնականում հայտնում են Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի  անդամները՝  դաշինքի  17 անդամներից 10-ը։ Նրանց են  միացել նաև ավագանու անդամներ մյուս կուսակցություններից՝ 1 անձ «Օրինաց երկրի»  և 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»:

Շիրակի թեմի հոգևորականներից մեկը միասնականության կոչ արեց ժողովրդին

Քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար նախաձեռնող խումբը ավագանու նիստ հրավիրելու պահանջ է ներկայացել: Ավագանու նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին:

Այն, որ  քաղաքապետարանը  նախաձեռնող  խմբի  կողմից  արդեն ստացել է դիմում անվստահություն հայտնելու մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց նաև քաղաքապետարանի մամուլի  քարտուղար Սոնա Առաքելյանը: «Գյումրու  ավագանու նախաձեռնող խմբի 12 անդամ քաղաքապետարան է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության որոշման նախագիծ, որն ընդունվել  է  քաղաքապետարանում և որին ընթացք  է տրվել։ Մայիսի 17-ին,  օրենքի ուժով, գումարվելու է ավագանու նիստ, որտեղ քննարկվելու է  այս հարցը»,-նշեց Սոնա Առաքելյանը:

Մամուլի պատասխանատուն չշտապեց մանրամասնել  քաղաքապետի կողմից նախատեսվող հետագա  քայլերը: «Թերևս պետք է սպասել հենց այդ նիստին, որի ժամանակ հարցը կքննարկվի և դրանից հետո պարոն Բալասանյանը կպատասխանի բոլոր հարցերին»,- ասաց Սոնա Առաքելյանը՝  հավելելով, որ քաղաքապետարանն այս պահին բնականոն աշխատում  է, բոլոր բաժիններն իրականացնում են իրենց վերապահված գործառույթները,  իսկ Գյումրիում այս ընթացքում մեկնարկած որևէ  ծրագիր  չի  դադարեցվի:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին ունի 33 անդամ, որոնցից 17–ը` «Բալասանյան դաշինքից»` ներառյալ քաղաքապետը, 8–ը ներկայացնում են ԲՀԿ–ն, 4–ը ՕԵԿ անդամներ են, 4–ը Գալա–ի ներկայացուցիչներ։ Ըստ օրենքի` եթե ավագանուն 1/3–րդը դեմ է քվեարկում, ապա քաղաքապետը հրաժարական է տալիս։