Երևանում վրաերթի են ենթարկվել 3 երիտասարդ

Վրաերթի ենթարկվածներից 2–ը հարազատ եղբայրներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երեք երիտասարդ վրաերթի են ենթարկվել Երևանում։

Երեկ՝ մայիսի 12-ին, ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ալեքսան Ավետիսյանը Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց իր վարած Dodge մակնիշի 32 ՍԼ 322 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նաիրի Զարյան փողոցի բնակիչներ, 18-ամյա Զաքար Զաքարյանին, 17-ամյա Դերենիկ Զաքարյանին և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 18-ամյա Էդիկ Աղաջանյանին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել հիվանդանոցներ: 18-ամյա Է. Աղաջանյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, իսկ Դ. և Զ. Զաքարյանները՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ Դ. և Զ. Զաքարյանները հարազատ եղբայրներ են։