ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մեկնում է Սոչի, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր լրագրողներին, որ մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, և բուն նիստին մասնակցելուց հետո նախատեսվում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները բոլոր պետությունների ղեկավարների հետ, որոնք կմասնակցեն նիստին։ Նիստին որպես հյուր հրավիրված է նաև Իգոր Դոդոնը։
«Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են երկկողմանի հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», — գրել է Դոդոնն իր ֆեյսբուքյան էջում։
Դոդոնի խոսքով՝ նա մեկնում է Սոչի, որպեսզի մասնակցի Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։