Փաշինյանի նոր նախարարները․ ովքե՞ր են նրանք

Նիկոլ Փաշինյանի կառավարության նշանակումները ոչ միանշանակ են ընդունվել հայ հասարակության կողմից։ Ոմանք աջակցում են նոր վարչապետի կադրային քաղաքականությանը, ոմանք` ոչ։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանի նախարարների կաբինետը լիովին ձևավորված է։ Մայիսի 12-ին վարչապետը կատարել է վերջին նշանակումները` ավարտելով, իր ասած, համաձայնության կառավարության ստեղծման գործը։

Նախորդ նշանակումների նման վերջին անունները նույնպես միանշանակ չեն ընկալվել հասարակության կողմից։ Սոցիալական ցանցերում կարելի է տեսնել բազմաթիվ արձագանքներ ու մեկնաբանություններ, որոնցում ինչպես աջակցում են նոր վարչապետի քաղաքականությանը, այնպես էլ դեմ են դրան։

Էդվարդ Նալբանդյանին էլ փոխարինող գտան. նոր նախարարի անունը հայտնի է

Քննադատների հիմնական փաստարկը որոշ նախարարների երիտասարդ տարիքն է և, համապատասխանաբար, տվյալ ոլորտում նրանց կառավարչական փորձի բացակայությունը։ Նորանշանակ նախարարներից շատերի անունները մարդիկ առաջինի անգամ էին լսում։ Օրինակ`օրվա «բացահայտումներ» էին Լիլիթ Մակունցը, որը նշանակվել է Մշակույթի նախարար, Արսեն Թորոսյանը, որը գլխավորում է Առողջապահության նախարարությունը, Էրիկ Գրիգորյանը, ում վստահել են բնապահպանության նախարարությունը։ Քչերը գիտեն երրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը պետական համակարգ կանցնի «Արդշինբանկից»։ Նրա անունը ծանոթ է միայն բանկիրներին, քանի որ նա տարբեր տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել առևտրային բանկերում։

Հատկապես աչքի է զարնում Լիլիթ Մակունցի նշանակումը։ Փաշինյանը մշակույթի ոլորտը վստահել է անգլերենի դասախոսի։ Հատկանշական է, որ քննադատների շարքում դեռ չեն լսվում հանրապետականների ձայները։ Նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները լռում են։ Ինչպես ավելի վաղ ասել էր ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նրանք չեն պատրաստվում խոչընդոտել Փաշինյանի կառավարության աշխատանքը։

Այսինքն` ՀՀԿ-ն չի քննադատի նաև Փաշինյանի կադրային որոշումները։ Փոխարենը չեն լռում այն մարդիկ, ովքեր դեռ երեկ աջակցում էին Փաշինյանի «Իմ քայլը» բողոքի շարժմանը։ Դա բնական է։ Քաղաքական փոթորիկը երբեմն կարող է անտեսել շատերին, ովքեր ձեռնարկել էին այն։

Ի՞նչ կապ ունի մշակույթի նոր նախարարը մշակույթի հետ. պատասխանում է Լիլիթ Մակունցը

Բայց վերադառնանք մեր նախարարներին։ Պետք է նշել, որ եթե որոշ գերատեսչություններ Փաշինյանը վստահել է երիտասարդ համախոհներին, ապա որոշներն էլ գլխավորելու են լիովին կոփված, ծանրակշիռ կառավարիչներ ու պրոֆեսիոնալներ։ Այսպես` Ֆինանսների նախարար է նշանակվել նախկին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրապետության առաջատար ֆինանսիստներից մեկը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը վստահել են ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին։

2016թ.-ին Մինասյանը մի քանի ամիս արդեն գլխավորել է այդ գերատեսչությունը, ուր նա գնացել էր ԱԺ–ից։ 2016թ-ի սեպտեմբերին` Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, Մինասյանը դարձել էր բնապահպանության նախարար։ Մինչև հիմա շատերը կարծում են, որ Մինասյանի` Բնապահպանության նախարարություն գնալը Կարապետյանի հետ նրա լարված հարաբերությունների հետևանք էր։ Արդյունքում` ՀՅԴ ներկայացուցչին տեղափոխել էին այս դեպքում երկրորդային գերատեսչություն։ Մինասյանը չորրորդ և հինգերորդ գումարման խորհրդարաններում եղել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, ինչպես նաև տնտեսության ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է։

Փաշինյանի ևս մեկ հաջող կադրային որոշում է համարվում ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, 30-ամյա փորձով դիվանագետ Զոհրաբ Մնացականյանի նշանակումը։ 2011-2014թթ-ին Մնացականյանը եղել է Էդվարդ Նալբանդյանի տեղակալը։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով վարչապետի կադրային որոշումները՝ տպավորություն է ստեղծվում, որ պետական «շինարարության» համար առանցքային գերատեսչությունները՝ ՊՆ, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ԱԳՆ, նա որոշել է տալ «վետերաններին», մնացած «օժանդակ» նախարարությունները վստահել է ավելի քիչ փորձ ունեցող մարդկանց։ Թեև այստեղ էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Այսպես, Արդարադատության նախարարությունը գլխավորելու է հայտնի իրավապաշտպան, «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ դաշինքի մեկ այլ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նախարարը ժամանակին եղել է կուտակային կենսաթոշակային հակամարգի ամենամեծ հակառակորդներից մեկը, հետևաբար, հարկ չկա նրան նորեկ համարել սոցիալական ապահովման համակարգում։

Հայտնի է` ովքեր են նոր նախարարները. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Պետք է դիտակել Արթուր Խաչատրյանին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակելը, որը մի քանի օր առաջ հրաժեշտ էր տվել Շիրակի մարզպետի պաշտոնին։ Խաչատրյանը ոչ այդքան երկար աշխատել է «ամենադեպրեսիվ» և աղքատ մարզերից մեկի ղեկավարի պաշտոնում, սակայն հասցրել է ձեռք բերել արդյունավետ և գրագետ մենեջերի հեղինակություն։

Ինչպես Արծվիկ Մինասյանը, Խաչատրյանը ևս ներկայացնում է «Դաշնակցությունը»։ ՀՅԴ-ի և Փաշինյանի միջև ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, «Դաշնակցությունը» երկու պորտֆել է ստացել նոր կառավարությունում։

Պորտֆելներ են բաժին հասել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը ՀՅԴ-ի հետ միասին աջակցել է Փաշինյանի թեկնածությանը վարչապետի ընտրություններում։  ԲՀԿ-ն ստացել է սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆելը` նախարարությունը գլխավորել է Լևոն Վահրադյանը, որը մինչև այդ զբաղեցրել է զանգվածային սպորտի և ֆիզկուլտուրայի վարչությունը։

ԲՀԿ անդամ է նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Մի քանի տարի առաջ նա գլխավորել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նոր կառավարությունում ԲՀԿ-ն ստացել է նաև տրանսպորտի նախարարության պորտֆելը։ Աշոտ Հակոբյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Նա մինչև այդ եղել է Հայ-բելառուսական առևտրի տան տնօրենը։

Շիրակի մարզպետը հրաժարակա՞ն է տվել. պաշտոնական պարզաբանում

ԱԻՆ-ը գլխավորելու է սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնից հեռացած, նախկինում ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։ Նա առաջին նախարարն է եղել, որը ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյաննի հրաժարականի օրը, հայտարարել է Փաշինյանին աջակցելու մասին։ Կադրային որոշումների հետ կապված ամբողջ խանդավառությամբ կամ, հակառակը` հոռետեսությամբ հանդերձ պետք է հիշել, որ նախարարների ներկա կաբինետը ժամանակավոր է։

Փաշինյանի համաձայնության կառավարությունը, նրա մտահղացման համաձայն, պետք է ներկա քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերի, ապահովի պետական համակարգի անխափան աշխատանքը և հիմքեր ստեղծի Ազգային ժողովում բաց և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կլինեն ընտրությունները, սակայն, դատելով ամեն ինչից, այս ոչ մեծ ժամանակահատվածը պետք է լուրջ քննություն դառնա ինչպես Փաշինյանի, այնպես էլ նրա նշանակած նախարարների համար։