ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ: Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ: Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում և այդ առումով կարևորել հանրության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը:
«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում և մեր կարևորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան»,- ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարն առաջիկա կարևոր խնդիրներից է համարել կառավարության ծրագրի մշակումն ու ներկայացումն Ազգային ժողովին: «Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուր նախարար իր ոլորտի ուղղությամբ ժամ առաջ սկսի կառավարության ծրագրի մշակման աշխատանքները: Իհարկե, այդ ծրագիրը պետք է լինի լավատեսական, արտահայտի այն բոլոր հույսերը, որոնք ՀՀ քաղաքացիները կապում են կառավարության գործունեության հետ: Մենք պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը և անցնենք աշխատանքի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հետագա գործունեությանը, միջնաժամկետ ծախսային ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցերի: