ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը պատրաստվում է կոտրել կարծրատիպերը։ Այս մասին նա գրել է ֆեյբուքյան իր էջում` շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։
«Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի»,- գրել է նա։
Մակունցը նշել է նաև, թե ինչ կապ ունի ինքը մշակույթի հետ։
«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է նախարարը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով` Լիլիթ Մակունցն այսօր նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար:
Նորանշանակ նախարարը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:
1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:
2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ: