Անցյալը ջնջել հնարավոր չէ. Առողջապահության նախարարը պատասխանել է քննադատություններին

Արսեն Թորոսյանը կարծում է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, որը ամորֆ է ու ոչ մի բանի մասին կարծիք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 12–ին, Արսեն Թորոսյանի` նախարար նշանակվելուց հետո սոցցանցերի օգտատերերը հիշեցին նորանշանակ նախարարի՝ անցյալում արած տարբեր գրառումները`պատվաստումների, մանկահասակ երեխայի մահվան և այլնի մասին և սուր քննադատությունների ենթարկեցին դրանք։

Ի՞նչ կապ ունի մշակույթի նոր նախարարը մշակույթի հետ. պատասխանում է Լիլիթ Մակունցը

«Ես կանդրադառնամ այդ քննադատություններին՝ իհարկե, չիջնելով այդ մակարդակի: Խորհուրդներ էին տալիս փակել սոցիալական ցանցերում մեր էջերը, որպեսզի մեր նախկին գրառումները մարդիկ չտեսնեն, բայց ես համարում եմ, որ անցյալը ջնջել հնարավոր չէ. ես նման բան չարեցի: Գիտեի, որ մանիպուլյացիաներ կլինեն «սքրինշոթերի» ու ցիտատների տեսքով, որոնք կտրված կլինեին իրականությունից»,- ասաց Թորոսյանը ուղիղ հեռարձակման ժամանակ:

Առողջապահության նոր նախարարը նշեց, որ քննադատության արժանացած պատվաստումների վերաբերյալ իր տեսակետը հիմնված է ապացուցողական բժշկության վրա:

«Տպավորություն է, որ մարդիկ ակնկալում են մի նախարարի, ով ամորֆ է, ոչ մի բանի մասին  կարծիք չունի, այնքան զգույշ է պատասխանում այդ հարցերին, որ հանկարծ իրեն ոչ ոք չքննադատի։ Կիրառման օրվանից բոլոր պատվաստումները քննադատվում են, սակայն դրանք երբեք չեն ապացուցվում փաստերով»,- ասաց Թորոսյանը:

Նորանշանակ նախարարը կարծում է, որ մարդկային կյանքեր փրկելու համար, այդ թվում՝ երեխաների կյանքեր, պետք է օգտագործվի գիտության ողջ արսենալը, որոնց մեջ են նաև պատվաստումները: