ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում մայիսի լույս 13–ի գիշերը կյանքից հեռացել է 117–ամյա Ֆարանգ Բաղդասարյանը։ Նրա մահվան մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ընտանիքի հարսը` Մարինե Դավթյանը։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում տատիկի ինքնազգացողությունը շատ վատ էր։ Նա անընդհատ պառկած էր։ Վերջին տասն օրերի ընթացքում միայն ջուր էր խմում և երբեմն–երբեմն տալիս ընտանիքի անդամների անունները»,–պատմեց Մարինեն։
Հիշեցնենք, որ վերջերս Sputnik Արմենիան տեսանյութ էր պատրաստել Հայաստանի ամենածեր քաղաքացու` Ֆարանգ Բաղդասարյանի մասին։ Ֆարանգ տատը Հայաստան է եկել Իրանից։
Նա առաջիններից է եղել, որ ընտանիքի հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան։ Այդ ժամանակ բազմաթիվ իրանահայեր հիմնել են Նոր Կյանք գյուղը` զրոյից իրենց ձեռքերով կառուցելով այն։
Հնարավոր է, որ Ֆարանգ Բաղդասարյանը ոչ միայն հայկական անձնագիր ունեցող ամենատարեց կինն էր, այլ նաև երկրի ամենածեր մարդը։ Նախորդ ռեկորդակիր կինը` Ճամայկայի բնակիչ Վայոլետ Մոս Բրաունը, մահացել է 2017թ-ին 117 տարեկանում։