Ինչու՞ հենց Օսիպյանը. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր որոշումը

Նոր ոստիկանապետի առջև հստակ խնդիրներ են դրվել, դրանք կատարելու դեպքում հանրությունը կհամոզվի, որ ոստիկանությունը դեպի լավն է փոխվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ և կլանի անդամ չէ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանեց Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու որոշումը։

Կադրերն ամեն ինչ են. ՀՀ նորընտիր վարչապետը երիտասարդացնում է կառավարությունը

«Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, և սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երևույթ է։ Նա նաև որևէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական։ Ոստիկանական առաջխաղացման համար ՀՀ-ում երկար տարիներ գործել են ձեզ և մեզ հայտնի մեխանիզմներ՝ տանիք, մեջք, թիկունք և այլն։ Օսիպյանը, լինելով Երևանի վարչության պետի տեղակալ, իր կարիերան արել է փողոցներում սևագործ աշխատանք անելով և այդ դիրքում հայտնվել է, քանի որ որևէ կլանի ու կոռուպցիոն համակարգի մաս չէ։ Դրան մաս կազմողները կարողացել են սևագործ աշխատանքից խուսափել»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով` քննադատությունները պիտի օգնեն, որ Օսիպյանը լինի այն ոստիկանապետը, որն անհրաժեշտ է Հայաստանին։

«Ոստիկանության առջև դրված են պարզ և հստակ խնդիրներ, ակնկալում եմ, որ Վալերի Օսիպյանը կլուծի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց այն, որ վերանում է ժողովրդի և ոստիկանության միջև փշալարերը։

«Ուզում եմ հավաստիացնել, որ նրա առջև դրված են կոնկրետ խնդիրներ, և շատ արագ այդ խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի հանրությունը համոզված լինի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել է մայիսի 11-ին։