ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՖՖ նախագահը խնդիր ունի լուծելու, երբ լուծի, վերջացնի, այդ ժամանակ էլ կմտածի իր հետագա անելիքների մասին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` զայրանալով լրագրողի «քաղաքական» հարցերից։
«Ստոպ, ստոպ, մենք հիմա ֆուտբոլի մասին ենք խոսում։ Ճարպկություն անել պետք չէ։ Տղա ջան, քո լույսով անցած ճանապարհը ես մթով եմ անցել ու հետ-հետ»,- ասաց նա, երբ լրագրողը փորձեց հարցնել, թե նա, լինելով Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից, ի՞նչ է պատրաստվում անել` հաշվի առնելով հայաստանյան վերջին իրադարձությունները։
Հայրապետյանը հիշեցրեց, որ իր պաշտոնը քաղաքականության հետ կապ չունի։
«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական է, ոչ թե քաղաքական։ Եթե չգիտեք, դա էլ իմացեք։ Ես խնդիր ունեմ լուծելու, երբ կլուծեմ-կվերջացնեմ, այն ժամանակ կորոշեմ` ինչ անել։ Ո՞նց եք պատկերացնում` ձեր կամ ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ։ Չկա մի մարդ, որ ինձ պարտադրի հեռանալ»։
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնել է 2002 թվականին: 2006, 2010 և 2015 թվականներին վերընտրվել է նույն պաշտոնում: