ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Երևանի Սարյան փողոցում է։ Նա շփվում է հավաքված քաղաքացիների հետ ու համտեսում հայաստանյան արտադրության գինին։
Սարյան փողոցի սկզբնամասում արդեն երկրորդ օրն է` անցկացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը:
Մարդիկ առիթը բաց չեն թողել, շրջապատել են Փաշինյանին և լուսանկարվում են նրա հետ։ Փաշինյանը շրջում է գինու բաժակը ձեռքին, կատակներ անում ու գրակախառնվում մարդկանց հետ։
Միջոցառումն արդեն երկրորդ տարին կազմակերպում է «Էվենտտուրա» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն շրջել փողոցում տեղադրված ավելի քան 50 տաղավարներում ու համտեսել տեղական արտադրության գինիները։
32 գինեգործական տաղավարներում ներկայացված է գինու ավելի քան 200 տեսակ: Միջոցառմանը մասնակցում է նաև Արցախի Հանրապետության գինեգործական 5 ընկերություն: