Հայտնի է` Փաշինյանի կառավարությունում քանի պորտֆել կունենա ՀՅԴ–ն

ՀՅԴ նախարարների նշանակման հրամանագրերը դեռ չեն հրապարակվել, բայց Դաշնակցությունը հաստատել է լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը` գյուղատնտեսության նախարար: Այս մասին yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ստանալու է 2 պորտֆել:

Փաշինյանի «միսիոներները». ինչով են զբաղվելու երիտասարդները ՀՀ կառավարությունում

Ի դեպ, նախորդ` Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունում ՀՅԴ-ն 3 նախարարական պորտֆել ուներ` բնապահպանության, կրթության և գիտության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարների։

Բնապահպանության նախարարի աթոռը 2016թ-ի կոալիցիոն կառավարությունում զբաղեցնում էր հենց Արծվիկ Մինասյանը։ Մինչ այդ նա 2007թ-ից ի վեր ՀՀ ԱԺ պատգամավոր էր, իսկ 2005-2007թթ-ին, սոցիալական հարցերի և աշխատանքի փոխնախարար։

Արթուր Խաչատրյանը երկրորդ կրթություն է ստացել և 2001թ-ին ավարտել է Լոնդոնի կայսերական քոլեջը, որից հետո երկար տարիներ աշխատել է մասնավոր հատվածում։

2016թ-ին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրով աշխատել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում։ 2017թ-ին նույն համաձայնագրի շրջանակում նշանակվել է Շիրակի մարզպետ։

Կոալիցիոն համաձայնագրի դադարեցման մասին ՀՅԴ հայտարարությունից հետո Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։