Կոռուպցիա չպետք է լինի. Օսիպյանը վճռական է տրամադրված. տեսանյութ

Նորանշանակ ոստիկանապետը հայտարարեց` ոստիկանները խիստ կպատժվեն, եթե կոռուպցիայի դրսևորումներ լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մայիսի 12-ին խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։ Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։

Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Կարևորվեց արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում և պատկերացում կազմում համակարգի մասին։

Նշվեց, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։

Օսիպյանը կարևորեց նաև այս տարի անցկացվելիք միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի, Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացումը։