Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Մոտ մեկ ամիս է` Հայաստանը համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է։ Պատճառն, իհարկե, աննախադեպ «թավշյա հեղափոխությունն» է, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ընթացքում նույնիսկ մի կաթիլ արյուն չի թափվել։
Կկարողանա՞ արդյոք Հայաստանի կառավարությունը երկիրը դուրս բերել տնտեսական լճացումից և զարգացման նոր մակարդակի հասնել, թե՞ հակառակը` տասնամյակներով հետ կշպրտի։ Ժամանակը ցույց կտա։ Բայց այսպես, թե այնպես «թավշյա հեղափոխությունն» արդեն ընդմիշտ պատմության մեջ մտավ։ Նշանակում է` կարգախոսները, երգերն ու հեղափոխության խորհրդանիշ դարձած շունը հաջորդ սերունդների համար ուսումնասիրման թեմա են դառնալու։
«Դուխով»
«Թավշյա հեղափոխության» խորհրդանիշը դարձավ «դուխով» բառը։
Թվում է` այն ի սկզբանե հատուկ հորինված էր բողոքի շարժման համար, բայց շատերն են զարմանում, երբ իմանում են, որ դիզայներ Արա Ասլանյանն այդ կոչը հորինել էր բողոքի շարժումից երեք ամիս առաջ, և այն իրականում նվիրված էր ոչ թե հեղափոխությանը, այլ… ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Իսկ բառի տառատեսակը նա մշակել էր ավելի քան երեք տարի առաջ։
Արա Ասլանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լինելով բուքմեյքերական ընկերության կրեատիվ տնօրեն` նա իր թիմի հետ փորձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության համար վիրուսային գովազդային արշավ կազմակերպել, որը կկրեր «Դուխով» խորագիրը։
Դիզայները բացատրեց, թե ինչու էր ընտրվել հենց այդ բառը. «Մեր առօրյայում այն մեծ տարածում ունի։ Հատկապես հաճախ են օգտագործում ֆուտբոլի երկրպագուները, հատկապես երբ Մխիթարյանն է խաղում։ Այդ բառը իր երգերից մեկում օգտագործել էր ռեփեր Միշոն, բացի այդ, Փաշինյանն էլ իր ելույթներում բազմիցս կիրառել է այդ բառը»։
«Դուխով» բառը բողոքի շարժման կարգախոս դարձնելով` Ասլանյանն ուզում էր մի զարկով երկու նապաստակ խփել։
«Երբ մեկնարկեցին հանրահավաքները, ես անմիջապես գիտակցեցի` հարմար առիթ է միաժամանակ երկու օգտակար գաղափար իրացնելու համար։ Մի կողմից` բողոքի շարժումը սեփական կարգախոսը կունենա, մյուս կողմից` հնարավոր կլինի գովազդել այդ բառը որպես բրենդ։ Եվ ես ռիսկի դիմեցի. գնացի Հանրապետության հրապարակ, ընկերներիս «Դուխով» գրությամբ գլխարկ տվեցի և խնդրեցի փոխանցել շարժման առաջնորդին», — պատմում է նա։
Ակցիայի սկզբում Արան հանրահավաքի մասնակիցներին մոտ 3 հազար գլխարկ բաժանեց, իսկ այսօր օրական ավելի քան 100 նամակ է ստանում աշխարհի տարբեր ծայրերում` Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, ապրող հայերից, որոնք ցանկություն են հայտնում այդ տարբերանշանով գլխարկներ գնել։
«Վատ չեմ տիրապետում մարքեթինգային ռազմավարությանը և գիտեմ, որ սկզբում կարելի է անուն, բրենդ ստեղծել, հետո միայն, երբ մարդկանց մոտ կայուն ասոցիացիաներ առաջանան, օգտագործել այդ անունը», — ասում է Ասլանյանը։
Նա կարծում է, որ այդ բրենդը դեռ կայացման փուլում է։
«Ավելի շատ կուզեի հանրահռչակել «Դուխով» բառը, որպեսզի այն ասոցացվի ոչ միայն հեղափոխության հետ, այլ ինքնուրույն ազգային, երիտասարդական ապրանքանիշ դառնա», — խոստովանեց դիզայները։
Նա հույս ունի ժամանակի ընթացքում ապրանքանիշը կայուն բիզնեսի վերածել, որն օգուտ կբերի նաև պետությանը։
Հեղափոխության ժամանակագրությունը պաստառներում
Տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին շատ զգայուն է արձագանքել նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը։ Եթե «Դուխով» բառը որոշակի առումով պատահաբար դարձավ հայկական «թավշյա հեղափոխության» կարգախոսը, ապա Մալայանի աշխատանքները հայտնվեցին հենց հեղափոխության ժամանակ և հեղափոխության համար։
Բողոքի ցույցերի օրերին նրա ստեղծած ավելի քան 20 պաստառ առանձին ու հատուկ միավոր դարձան, որոնք խորհրդանշում էին հայ ժողովրդի պայքարը իշխանության դեմ։
«Պաստառի արվեստը, հատկապես երբ ճգնաժամ է առաջանում, շատ կարևոր է, երբ դու փորձում ես հակիրճ ներկայացնել իրադարձությունների հուզական կողմը», — մեզ հետ զրույցում ասաց Ռուբենը։
Նա պատմեց, որ առաջին պաստառը նկարել է այն ժամանակ, երբ ցուցարարները սկսել էին փակել մայրաքաղաքի փողոցները։
«Այդ ժամանակ հասկացա, որ դա լուրջ է և անհրաժեշտ է դրան որևէ կերպ արձագանքել», — խոստովանեց Մալայանը։
Հետաքրքիր է, որ հայ նկարիչներից միայն նա է այդպես արձագանքել։ Եվ սա առաջին անգամ չէ։ Նա պաստառներ է նկարել նաև «Էլեկտրիկ Երևանի» (2016 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր) ժամանակ, ընդ որում ցուցարարներն այն ժամանակ հենց այդ պաստառների վրա էին քնում. ավելի հարմար էր, քան թերթերի վրա։
Ի դեպ, 2001 թվականին Ռուբենը Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ նախագիծ էր ստեղծել, իսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ նրա աշխատանքներից մեկը Best Digital Entry for LA City Council Armenian Genocide Centennial Art Competition-ում առաջին տեղն էր զբաղեցրել։
Նկարիչը բողոքի շարժման օրերին ստեղծած պաստառները հեղափոխության ինքնատիպ ժամանակագրություն է համարում։
«Ես չեմ ֆիլտրում այն, ինչ գրում կամ նկարում եմ։ Չեմ մտածում պոլիտկոռեկտության մասին։ Կարծում եմ` կարևոր է մինչև վերջ անկեղծ լինել», — նշեց նա։
Չալոն
«Թավշյա հեղափոխության» ամենավառ և միևնույն ժամանակ պատահական խորհրդանիշը դարձավ Չալո անունով շունը, որին այժմ առավել հաճախ «Քայլո» են ասում, որովհետև նա կազմակերպիչների հետ անցավ գրեթե ամբողջ ճանապարհը։
Չալոյի մասին նույնիսկ տեսահոլովակ թողարկվեց, նրան կարելի է տեսնել նաև «Իմ քայլը» երգի տեսահոլովակում։ Հատկանշական է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ընկերության աշխատակիցները Չալոյի հետ հանդիպումներ են կազմակերպում։
Երաժշտություն
Անկասկած, իշխանության դեմ ժողովրդի պայքարը չէր կարող «օրհներգ» չունենալ։ Տվյալ դեպքում դրանք մի քանիսն էին։
«Իմ քայլը» ռոք ստեղծագործությունը գրվել էր շարժումից առաջ, ընդ որում բառերի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում երգիչ և երաժշտության հեղինակ Hayk Stver-ը պատմեց, որ համագործակցության առաջարկը ստացել էր եղբորից, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և բողոքի շարժման «զինակիցներից» մեկը։
«Մարտի կեսին, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, եղբայրս զանգեց, ասաց երգի մասին։ Սկզբում ես հրաժարվեցի, քանի որ համոզված չէի, թե կկարողանամ կատարել առաջադրանքը։ Ես hip-hop, R'n'B ոճերում եմ ստեղծագործել։ Սակայն որոշ ժամանակ անց ես համաձայնվեցի, որոշելով ողջ պատասխանատվությամբ մոտենալ գործին», — պատմեց Հայկը։
Կարծում եմ` առաջին երկու ստեղծագործությունները դեռ երկար են հնչելու ակումբներում և փաբերում, իսկ «Հայաստան, բարև» երգը` ընտանեկան տոնախմբությունների ժամանակ։