ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Աշխատանքային առաջին օրը ցույց տվեց, որ շատ անելիք կա, որոնք պետք է լուծվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Facebook-ի ուղիղ եթերում ներկայացնելով իր առաջին աշխատանքային օրը` նշեց կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք: Հրատապ լուծման առաջնահերթություններից է Շիրակի պետական համալսարանի հարցը: Պետք է հասկանանք, թե այդ բարձիթողի վիճակը և անիրավությունը ոնց ենք շտկում: Բացի այդ, առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններ են, որոնց պետք է անդրադառնանք»,- նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի հետ, լսել նրանց զեկույցները, արձանագրել խնդիրներն ու առաջնահերթությունները, անդրադարձել ընթացիկ հարցերին։
Նախարարը կարևորեց ԵՄ աջակցությամբ գործող «Ռազմավարական պլանավորվման գրասենյակի» հետ համագործակցությունը։
«Երիտասարդներ են՝ աշխատելու մեծ ցանկությամբ լցված, այդ առումով նրանց հետ համագործակցությունը և նրանց աշխատանքը շատ կարևոր է լինելու առաջիկա ամիսներին»,- ասաց նախարարը։
Ավարտելով տեսաուղերձը` նորանշանակ նախարարը վստահություն հայտնեց, որ ունենալու ենք շատ լավ կրթական ոլորտ։ Աշխատանքային առաջին օրվա հաշվետվությունը նա եզրափակեց թավշյա հեղափոխության խորհրդանիշ դարձած բառով` «դուխով»։
Արայիկ Հարությունյանը երեկ` մայիսի 11-ին`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։