ՌԱԴԻՈ

Այվազյան. «ՀՀԿ-ի հայտարարությունը չի տեղավորվում քաղաքական համակարգի տրամաբանության մեջ»

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀԿ–ի հայտարարության մասին։
Sputnik
Վարդան Այվազյան

Խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հայտարարել է, որ ընդդիմություն է դառնում, այսինքն ցանկության դեպքում ընդդիմադիր մեծամասնությունը կարող է տապալել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։

Վարդան Այվազյանի խոսքով` իրավիճակն իսկապես ոչ ստանդարտ է, ընդ որում` ՀՀԿ-ի հայտարարությունը չի տեղավորվում քաղաքական համակարգի տրամաբանության մեջ, քանի որ ընդդիմության կարգավիճակը ենթադրում է, որ այդ ուժը խորհրդարանում փոքրամասնություն է կազմում։

«Եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում, ապա իրավական կարգավորումների համաձայն, հանրապետականները պետք է հրաժարվեն խորհրդարանի նախագահի, երկու փոխնախագահների պաշտոններից։ Պետք է փոխել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թվի հարաբերակցությունը։ Սակայն հանրապետականներն այդ քայլերին չդիմելով` իրենց հռչակել են ընդդիմություն», — նշեց Այվազյանը։

Փորձագետի խոսքով` դա նույնն է, թե մեր երկրում հայերն իրենց հռչակեն ազգային փոքրամասնություն։