Սերժ Սարգսյանը նամակ է գրել

Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը մտադիր է «Լույս» հիմնադրամի գործադիր խորհրդի նիստ անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուներին` հայտնելով, որ առաջիկա օրերին կհրավիրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստ` քննարկելու ապագայի ծրագրերն ու դրանց ֆինանսավորման հնարավորությունները։

Սերժ Սարգսյանի հիմնադրած «Լույսը» դադարեցնում է գործունեությունը

Սերժ Սարգսյանը վերահաստատել է հիմնադրամի ծրագրերի դադարեցման մասին տեղեկությունը։

«Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը հիմնականում դադարեցվելու են` ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանն իր նամակում նշել է, որ 2009 թվականին «Լույսի» ստեղծման գաղափարը Հայաստանի վերելքն ապահովելն էր։

«Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաև մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին»,- գրել է նա։

Նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր նվիրատուներին ու աշխատակազմին։

Հիշեցնենք`«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրենը երեկ հայտարարել էր, որ հիմնադրամը դադարեցնում է աշխատանքը։ Այս հայտարարությունը մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել, մասնավորապես, որ հիմնադրամը ստեղծված էր ոչ այնքան կրթական, որքան փողերի լվացման նպատակով։