Կաշառք վերցնող որևէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Հայտնի է` ովքեր են նոր նախարարները. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները:

«Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերն ապահովելու համար: Հաջորդը, որ ես ուզում եմ ընդգծել, կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որևէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի պաշտոնյա է, որովհետև կոռուպցիան այն «քաղցկեղն» է, որը երկար տարիներ քամում է Հայաստանի կենսական նյութերը: Հայաստանի Հանրապետությունում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան, և ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը: «Եվ ընդհանրապես՝ մաքսային ոլորտում պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որ այն դառնա գործարարության զարգացմանը նպաստող և ոչ թե խոչընդոտող գործոն: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարի լինել քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նոր էջ ենք բացում և պետք է կարողանանք ապահովել համերաշխության մթնոլորտ, պահպանենք այն լավատեսությունը, որն այսօր առկա է Հայաստանի քաղաքացիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում՝ ապահովելով օրենքի առաջ բոլորի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանվածությունը»,- ասել է վարչապետը:

Արարատ Միրզոյանն առաջին փոխվարչապետ նշանակվեց

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և համակարգի աշխատակիցներին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար: «Ամբողջ աշխարհն, առանց չափազանցության, զարմացած է և հիացած, թե ինչպես քաղաքական պրոցեսները, փոփոխությունները տեղի ունեցան առանց մի կաթիլ արյան, ըստ էության, առանց լուրջ բախումների, առանց զոհերի, և ընդհանրապես, այդ ինչպես պատահեց, որ քաղաքական փոփոխություններից հետո երկրում տիրում է ոչ թե վրեժխնդրության, այլ սիրո և համերաշխության մթնոլորտ: Համոզված եմ, որ այս պրոցեսում մեզնից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և ԱԱԾ ներդրումն ամենևին էլ երկրորդական չէ»,- շեշտել է վարչապետը:

Նշելով, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը համակարգում նոր մարդ չէ՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նա ԱԱԾ-ն կհամախմբի ձևակերպված և օրենքով վերապահված նպատակների և խնդիրների իրականացման շուրջ, ընդհանրապես, ԱԱԾ-ն ժողովուրդը կսկսի ընկալել ոչ թե մի մարմնի, որից պետք է վախենալ, այլ մի մարմնի, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի անվտանգությունը:

Գեորգի Կուտոյանը շնորհավորել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը միտված կլինի ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդմանը:

Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և հավաստիացրել, որ ԱԱԾ-ն կանի ամեն ինչ՝ քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը համակարգի ներկայացուցիչներին մաղթել է բարի ծառայություն և բարի երթ: