Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր համար աշխատակազմ ստեղծել

ՀՀ վարչապետն աշխատակազմ չունի, աշխատակազմն էլ` կանոնադրություն։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 2 շաբաթում լուծել խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համար աշխատակազմ ստեղծելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

3 օր առաջ ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն առայժմ աշխատակազմ չունի, ունի միայն աշխատակազմի ղեկավար։

Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Փաշինյանի որոշմամբ, աշխատակազմ ստեղծելու պարտավորությունը դրվել է հենց աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վրա։ Նա 10-օրյա ժամկետում պետք է վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, 14-օրյա ժամկետում էլ`աշխատակազմի կանոնադրությունը։

Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով վարչապետի աշխատակազմի թվաքանակ սահմանված չէ։ Նույն օրենքով դրա հաստատումը թողնված է վարչապետի հայեցողությանը։

Ու թեև օրենքում նշված է, որ «Վարչապետի աշխատակազմը ստեղծվում և վերակազմակերպվում է վարչապետի որոշմամբ», բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ հարցը վստահել իր աշխատակազմի ղեկավարին։

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել մայիսի 10-ին։