Իսրայելը կարող էր Ադրբեջանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալ Իրանի մասին

Իրանի ու Իսրայելի հակամարտությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Իսրայելի հայտարարած գաղտնի տեղեկություններն այն մասին, որ Իրանը շարունակում է իր միջուկային ծրագիրը, կարող են ստացած լինել Ադրբեջանի տարածքով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը։

ԱՄՆ–ն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վտանգ է տեսնում

«Դա պատահական չէ, հիմքեր կային։ Սկսած 2000-ականներից Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցությունը զգալիորեն խորացել է։ Պատահական չէ նաև, որ 2014 թվականին օգոստոսին Իրանի տարածք էր մտել հետախուզական ԱԹՍ-ն, որն ըստ նախնական տվյալների` Ադրբեջանի տարածքից էր արձակվել», — ասաց Վերանյանը։

Նրա խոսքով` Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցությունը նոր մակարդակի է հասել 2016 թվականին Նեթանյահուի` Բաքու կատարած այցից հետո։ Մոսսադի ղեկավար Յոսի Կոենը հայտարարել է, որ հատուկ ծառայությունների համագործակցությունը իրավական հիմքի վրա է դրվելու։

Ինչ վերաբերում է Իսրայելի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների սրմանը, ապա դա կապված է այն բանի հետ, որ Թեհրանը շարունակում է իր ազդեցությունն ամրապնդել Սիրիայում ու Լիբանանում (մասնավորապես «Հեզբոլահ» կազմակերպության միջոցով)։

ԱՄՆ-ն Իսրայելի հետ փորձում է կանգնեցնել այդ գործընթացը։ Դրա հետևանքը դարձավ այն, որ Վաշինգտոնը հայտարարեց, թե դուրս է գալիս Իրանի հետ համաձայնագրից։

Նրա խոսքով` Իսրայելն ու Իրանը տարածաշրջանում կարևորագույն նշանակություն ունեն, նրանց հակամարտությունն անմիջապես կանդրադառնա ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև տնտեսության վրա։

Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտների աշխատանքը

«Այդ գործընթացները, բնականաբար, բացասաբար կանդրադառնան Հարավային Կովկասի տարածաշրջանի ու Հայաստանի անվտանգության վրա», — ասաց Վերանյանը։

Հայաստանն ու հայությունն այդ դեպքում մի շարք մարտահրավերների առաջ են կանգնում։ Մերձավոր Արևելքը հետաքրքրում է Երևանին, առաջին հերթին` տարածաշրջանում բնակվող հայկական սփյուռքի անվտանգության ապահովման տեսակետից։ Վերանյանը նշեց, որ վերջին տարիներին այնտեղ ընթացող գործընթացները հուսադրող չեն։

Հիշեցնենք `ապրիլի 30-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկրի հետախուզությունը մի շարք փաստաթղթեր է ստացել, որոնք վկայում են` միջուկային գործարքը ստորագրելուց հետո Իրանը պահում է ռազմամիջուկային ոլորտի իր մշակումները` ապագայում օգտագործելու հույս ունենալով։