Լոլիկում` ցեց, վարունգում` թրիփ. Հայաստանից արտահանվող բանջարեղենի հսկողությունը կխստացվի

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է Ռոսսելխոզնադզորի հրապարակմանը, ըստ որի` Հայաստանից ներկրված լոլիկում հարավամերիկյան ցեց են հայտնաբերել, իսկ վարունգում` ծաղկային թրիփս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա: