Այն, ինչ Հայաստանի մասին ասել է Լեոնտևը, «Ռոսնեֆտի» դիրքորոշումը չէ

«Ռոսնեֆտ» ընկերությունը վստահեցրել է, որ Լևոնտևի աղմկահարույց արտահայտությունները կապ չունեն ընկերության դիրքորոշման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Լրագրող, «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները որևէ կապ չունեն ընկերության դիրքորոշման հետ, նշված է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր արտահայտությունները որևէ կապ չունեն «Ռոսնեֆտի»` Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ դիրքորոշման հետ։ Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի ընտրությունը», — գրված է հայտարարության մեջ։

«Լեոնտևներն» ու «յուրևները» պատասխան կտան հայ ժողովրդին ուղղված յուրաքանչյուր խոսքի համար

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների կատարումը։

Հիշեցնենք` մայիսի 3-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Լեոնտևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդը գոյատևում է «բացառապես և շնորհիվ» Ռուսաստանի աջակցության և որ առանց Ռուսաստանի «ոչ մի Հայաստան չէր լինի»։

Հայկական սփյուռքի շուրջ 20 ներկայացուցիչ մայիսի 10-ի երեկոյան հավաքվել էին «Կոմսոմոլսկայա պրավդայի» խմբագրության մոտ` պահանջելով, որ ռադիոհաղորդավարներ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը ներողություն խնդրեն։ Հավաքվածները փոխանցել էին պարբերականի գլխավոր խմբագրի անունով գրությունը և հեռացել։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլն անհրաժեշտ չի համարում ուշադրություն դարձնել Միխայիլ Լեոնտևի այդ արտահայտություններին, իսկ նրա դիրքորոշումը որևէ ընդհանրություն չունի Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։