Հարցը Փաշինյանն ու իր կառավարությանը չէ. Մարտիրոսյանը կլքի պաշտոնը

Վահան Մարտիրոսյանը դեռ չի որոշել` կմնա Հանրապետական կուսակցության անդամ, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այլևս չի ուզում լինել նախարարի պաշտոնում։ Այս մասին նա լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Հրանուշ Հակոբյանը հեռանում է սփյուռքի նախարարի պաշտոնից

«Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել աշխատանքս»,-նշել է նա և հավելել, որ այս ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար:

«Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին ոչ նախարարի պաշտոնում», – ասաց Մարտիրոսյանը:

Դիտարկմանը, թե մինչև այդ կարող էր օգուտներ տալ երկրին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարող էի արել եմ: Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում և այսօր, ես իմ լուման ունեցել եմ»:

Հանրապետական կուսակցությունը լքելու մասին հարցին, Մարտիրոսյանն ասաց`ժամանակը ցույց կտա: