Նիկոլ Փաշինյանը փոքրիկ գաղտնիք բացեց «Ռոսիա 24»–ի հետ հարցազրույցում

ՀՀ վարչապետի պապը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, նրա անունը նույնպես Նիկոլ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է վերաբերվում Հաղթանակի օրվան ու Մեծ Հայրենականին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Ռոսիա-24-»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` հայերը համարում են, որ իրենք այդ հաղթանակի մի մասն են։ ՀՀ վարչապետը պատմեց, որ իր պապը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես չի վերադարձել այդ պատերազմից։

«Ինձ պապիս պատվին են Նիկոլ կոչել։ Մենք առանձնահատուկ ենք վերաբերվում այդ պատերազմի հիշատակին։ Ձեզ մի փոքր գաղտնիք էլ ասեմ։ Երբ 2008-ի մարտի դեպքերից հետո ես ընդհատակ անցա, իմ նկատմամբ հետախուզում հայտարարվեց, իմ սիրած զբաղմունքը Մեծ Հայրենականի մասին ֆիլմեր դիտելն էր»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական համագործակցությանը` նշելով, որ դրա կարևոր բաղադրիչներն են կրթությունն ու մշակույթը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական բուհերի մի քանի մասնաճյուղեր են գործում, և երիտասարդներից շատերը նախընտրում են հենց այդ բուհերում սովորել։ Բացի այդ, ռուսերենը շարունակում է ճանաչված մնալ երկրում, որտեղ սիրում են նաև ռուսական գրականությունը։